ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մայիսի 17-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշել է, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը: Այս մասին նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։
«Նշանակումը մեկ տարով է, և մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն: Պայմանագրի երկարացումը և հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը լավագույններից մեկը լինի Երևան քաղաքում»,-նշել է Վիրաբյանը:
Էմին Թորոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին վստահության համար։