ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հիմնավորել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել։ Հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Ըստ գործի նյութերի` դատավորը քաղաքացուն խոստացել է օգնել ազատվել 3.580.000 դրամ պետական տուրքը վճարելուց և դրա դիմաց նրանից 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջել։
Իսկ որպեսզի անձամբ չվերցնի գումարը դատավորը միջնորդի դերում հանդես գալու հարցով դիմել է իր ծանոթ փաստաբան Վահագն Դանիելյանին։
Հենց նա էլ 2019թ. մարտի 27-ին 2500 դոլարը քաղաքացուց վերցրել ու փոխանցել է դատավորին:
Դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը քրեական գործի նախաքննության ավարտին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Հիշեցնենք` դատավորի ձերբակալման մասին լուրերը մամուլում հայտնվել էին ամիսներ առաջ։ Ապրիլի 1–ին նրան կալանավորել էին։
Գագիկ Հեբոյանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում աշխատում է 1999 թվականից։