ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Այսօր առավոտյան 87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Հայաստանի ազգային պարարվեստի միությունից։
Գյանջումյանը Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ էր։
Նա ծնվել է 1932թ. հունիսի 19-ին, Թուրքմենստանում: 1947-50թթ սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, 1966-77թթ` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում: 1950-66թթ աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ: 1957թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, 1958-83թթ ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի և պարի մանկապատանեկան անսամբլները:
1967-77թթ դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս:
1967-71թթ ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965թ.` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը:
1973թ. ստեղծել և ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը:
2009թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է:
1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու, 2007թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: