ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:
Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:
ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:
Հիշեցնենք` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12–ին մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղից աշխատանքային այցով կմեկնի նաև Բրյուսել։