ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Լյուքսեմբուրգում է։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել։
Նշենք, որ վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ` տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կտրվի ճաշ, որից հետո վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատգամավորների հետ:
Օրվա երկրորդ կեսին վարչապետը կմեկնի Բրյուսել: Բելգիայի մայրաքաղաքում արդեն Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: