ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Հայաստանում 2018թ.–ին արձանագրվել է սպանությունների աննախադեպ ցածր ցուցանիշ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նա նշեց, որ 2019թ.–ի առաջին երեք ամիսներին Հայաստանում արձանագրվել է սպանությունների աճ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (12` 9–ի փոխարեն)։ Բայց 2018թ.-ը բացառիկ է եղել։
«2018թ.–ին սպանությունների թիվն ամենացածրն է եղել վերջին 28 տարիների ընթացքում», – ասաց Դավթյանը։
Նրա խոսքով` հանցագործությունների նվազում արձանագրվել է 1999թ–ից հետո։ Իսկ մինչև 1988-89թթ. այդ ցուցանիշը մոտ է եղել ներկա իրավիճակին։ Հանցագործությունների բարձր աճ գրանցվել է 1990թ–ին. այդ տարի արձանագրվել է եռանիշ թիվ։
1992թ.–ին սպանությունների քանակը հասել է մոտ 370–ի, հետո սկսել է նվազում գրանցվել։
«Բացառություններ եղել են, բայց միտումը տարել է սպանությունների քանակի նվազման։ Անցած տարի դրանք 38 են եղել», – նշեց Դավթյանը։
Գլխավոր դատախազը խոստացավ ապագայում առանձին անդրադառնալ սպանությունների հարցին, որոնք կատարվել են հոգեկան հիվանդություններ ունեցողների կողմից։