ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Վերջերս Երևանում անցկացված Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստում թվային տնտեսության թեման առանցքային էր։ Տնտեսագետ Կարլեն Խաչատրյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՏՄ-ում թվային օրակարգն ակտիվորեն առաջ է տանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«ԵԱՏՄ թվային հարթակների սինխրոնիզացիայի հետ կապված խնդիրներ կան։ Այդ խնդիրների լուծումը մեր տնտեսություններն ավելի շարժական ու արդյունավետ կդարձնի։ Խոսքը փաստաթղթերի ավելի արագ շրջանառության, տնտեսությունների միջև կապի ուժեղացման, բիզնեսի և սպառողի միջև ավելի օպերատիվ կապի ստեղծման և այլ բաների մասին է», - ասաց Խաչատրյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Նրա խոսքով, համացանցի հսկաների դերը համաշխարհային առևտրում օրեցօր աճում է՝ Alibaba, eBay, Amazo-ը նոր տեղ են զբաղեցնում։ Մեր զրուցակիցը կարծում է, որ այդ համատեքստում կարելի է նման հարթակներ ստեղծել ԵԱՏՄ սահմաններում։ Թվայնացումը ԵԱՏՄ-ում թույլ կտա նաև հեշտացնել ու մեծ մասամբ վերացնել այն թղթաբանական գործընթացները, որոնք բարդացնում են փոխներգործությունը երկրների միջև, թույլ կտա հեշտացնել լոգիստիկան, կրճատել ժամանակը և այլն։
Փորձագետի կարծիքով՝ ևս մեկ կարևոր թեմա է հայ –իրանական սահմանին գտնվող Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որը պետք է ԵԱՏՄ-ի ու Իրանի համագործակցության առանցքային օղակ դառնար։
Հայաստանը ժամանակին մեծ ներդրում է արել դրա մեջ, սակայն ազատ տնտեսական գոտին այժմ գրեթե չի գործում։ Խաչատրյանը դժվարանում է պատասխանել՝ որն է նման դադարի պատճառը․ Հայաստանի կառավարության վճռականության պակասը, թե Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը։
Նա չի բացառում, որ Թեհրանի վրա ԱՄՆ-ի կողմից ձեռնարկած պատժամիջոցների ճնշումը թույլ չի տալիս Իրանի գործընկերներին առևտրի հաստատմանն ուղղված ավելի վճռական գործողությունների դիմել։
Իրանը Հայաստանի համար արտաքին շուկաներ դուրս գալու երկու ելքերից մեկն է, ու երրորդ երկրների ազդեցությունը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա պետք է հնարավորինս նվազեցվի։
ԵԱՏՄ-ում Հայաստանի համար ևս մեկ գերակա ուղղություն է էներգետիկան։Երկրի էներգետիկ հզորությունները թույլ են տալիս երեք անգամ ավելի շատ էներգիա արտադրել, քան սպառվում է հանրապետությունում։ Այդ իմաստով Հայաստանը կարողացել է իր երևացող տեղը զբաղեցնել ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի շուկայում։