ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը նոր պորտալ կբացի սեփական գործը հիմնել ցանկացողների համար։ Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նոր ռեսուրսը նախատեսվում է բացել սեպտեմբերին։
«Այնտեղ կտեղադրենք տվյալներ` ինչպես սեփական բիզնես բացել, զարգացնել և ընդլայնել այն։ Մշտապես ուսուցողական նյութեր և տեսասյուժեներ կտեղադրենք, այդ թվում` օրինակելի բիզնեսի մասին», – ասաց նախարարը։
Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը ՀՀ բոլոր մարզերում սկսնակ ձեռնարկատերերի համար կանոնավոր թրեյնինգներ է անցկացնում։