ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Մարտի 1-ի գործով նշանակված դատավոր Վարդան Գրիգորյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել։ Այս մասին տեղեկություններ է ներկայացնում «Ժողովուրդ» օրաթերթը` հիշեցնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության շուրջ:
Թերթի համոզմամբ` դատավոր Գրիգորյանը նման հիմք ունի։ Նա 2006-2007թթ. աշխատել է Հայաստանի իրավաբանների միությունում, իսկ 2007-2014թթ. աշխատել է որպես հանրային պաշտպան: Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որը ներկայում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է:
«Ու Գրիգորյանն այս առումով կարող է կաշկանդված լինել, երբ, որպես պաշտպան, դատարանում ներկայանա իր նախկին ղեկավարը»,– գրում է թերթը։
Հիշեցնենք` Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունն ընդունվել է դատարանի վարույթ, բայց նիստի օրն առայժմ նշանակված չէ։
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։
Նշենք` մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ դատավորները հրաժարվում են այս գործն ընդունել։ Այդ մասին տեղեկություններն ապրիլի 29-ի ասուլիսում չհերքեց նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` նշելով, որ դատավորների վարքագծի վերջնական գնահատականը կարող է տալ միայն բարձրագույն դատական խորհուրդը։