ԵՐԵՎԱՆ, 28 Ապրիլ — Sputnik. Հայաստանը ներկայացնող գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը` ծնողական խնամքից զուրկ մնացած երեխաների համար «Ты супер! Суперсезон» երգի միջազգային շոուի կիսաեզրափակչում արդեն ելույթ ունեցավ։ Նա կատարեց շատ հուզիչ մի երգ` Նարգիզի և Մաքսիմ Ֆադեևի հայտնի «Мы вдвоем»–ը։
Ելույթից առաջ ցուցադրվեց փոքրիկ հոլովակ, որում Սաթենիկը խոստովանեց, որ պատրաստվում է երգել սիրո մասին, բայց այդ հարցում ոչինչ չի հասկանում։ Հոլովակում ներկայացվեց նրա կյանքի տխուր պատմությունը. հայրը մի օր հեռացել է և այլևս չի վերադարձել, Սաթենիկը հոգնել է նրան սպասելուց։
Ելույթից հետո ժյուրիի անդամներից Յոլկան ասաց. «Դժվար է այնպես անել, որ ես չտեսնեմ, չնկատեմ, թե ինչպես են ծանր իրեր ընկնում, ես դա չնկատեցի, դա լուրջ բան է, բարձր պրոֆեսիոնալիզմ»։ Սաթենիկի ելույթի ժամանակ փոքրիկ ներկայացում էր, որի ընթացքում` նրա երգին զուգահեռ, բեմում սյուներ էին ընկնում։
Ժյուրիի մյուս անդամը` Դիանա Արբենինան էլ իր հերթին նշեց, որ Սաթենիկը շատ վստահ երգեց. «Շատ լավ կատարեցիք ամբողջ դրամատուրգիան, դուք երգելիս արտաքնապես լրիվ վերափոխվում եք ։ Ինձ դա հուշում է, որ մարդը երգելիս լրիվ մոռանում է ինքն իր մասին և վերածվում է՝ Ձեր դեպքում սկսնակ արտիստի։ Ես հասկանում եմ, թե դա որքան կարևոր է Ձեզ համար»։
Վիկտոր Դրոբիշին զարմացրեց աղջկա փորձառությունը։ «Ես հիշում եմ, թե նախորդ անգամ դու ինչպես էիր հուզվում, իսկ այս անգամ դու լրիվ հանգիստ բեմ բարձրացար։ Այնպես երգեցիր, որ ժյուրիի անդամներից որևէ մեկը չի քննադատում, բոլորը պարզապես հիանում են»։
Հաղորդավարի այն նկատառմանը, որ Իգոր Կրուտոյը միշտ նոտաներին է ուշադրություն դարձնում, նա ասաց. «Այս դեպքում ես առաջին հերթին ուշադրություն դարձրի նրան, թե ամեն ինչ որքան գեղեցիկ է, երկրորդը՝ պրոֆեսիոնալ էր...»։
Նախորդ համերգին Մոսկվայում Սաթենիկը հիանալի ելույթ էր ունեցել։ Հաջող ելույթի շնորհիվ էր նա կիսաեզրափակիչ անցել։ Երիտասարդ հայուհին Մոսկվա է ժամանել դեռ մարտի 5-ին, և ողջ այս ընթացքում ակտիվորեն նախապատրաստվել էր իր աստղային ժամին։ [Պարտվել չեմ կարողանում և չեմ սիրում. երիտասարդ հայուհին`«Ты супер! Суперсезон»–ից առաջ։
Հիշեցնենք` գյումրեցի մասնակից Սաթենիկ Գևորգյանը ներկայացնում էր մեր երկիրը մրցույթի երկրորդ եթերաշրջանում։ Առաջին եթերաշրջանում Հայաստանը ներկայացնում էին Սաբինա Մանվելյանը Վանաձորից և Անգելինա Պապիկյանը Գումրիից։
«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։