ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Ты супер! Суперсезон» շոուի պատանի մասնակից Դանիիլ Խաչատուրովը կիսաեզրափակչում հանդես է եկել Եվգենի Մարտինովի «Կարապի հավատարմությունը» երգով։
Ժյուրիի անդամները հուզված էին Դանիիլի կատարումով և նրան ծափահարում էին հոտնկայս։
«Մեծ հարգանք ես առաջացնում քո տաղանդով և քո ոգու ուժով։ Ուզում եմ մաղթել քեզ, որ և՛ մեկը, և՛ մյուսը միայն բազմապատկվեն և ամրանան», – ասաց Իգոր Կրուտոյը` դիմելով պատանի մասնակցին։
Իսկ Դիանա Արբենինան նշեց, որ պատանի արտիստը բազմակողմանի զարգացած է և նույնիսկ բանաստեղծություններ է հորինում։
Երգչուհու խնդրանքով նա հատված կարդաց իր «Ֆանտազիա» բանաստեղծությունից։
«Այս տղան օրինակ է նրա, թե ինչպես է պետք ապրել», – ասաց Արբենինան։
Շոուի մասնակցին աջակցելու էր եկել հայտնի երգչուհի Դիանա Գուրցկայան։ Նա նշեց, որ Դանիիլը շատ լավ է զգում երաժշտությունը, և որ նա ուրախ է նրա հաջողությունների համար։ Դրանից հետո նրանք դուետով երգ կատարեցին։
11-ամյա Դանիիլ Խաչատուրովը ծնվել ու մեծացել է Սամարայում և ելույթ է ունենում «Ты супер!» մրցույթի սուպերսեզոնում. նա ներկայացնում Ռուսաստանը։ Սակայն կցանկանար ներկայացնել Հայաստանը, քանի որ իրեն հայ է համարում և սիրում է պատմական հայրենիքը։ Հայաստանում ապրում են Դանիիլի տատիկը, մորաքույրն ու եղբայրները։
«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։ Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։