ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետություն ասելով` մենք առաջին հերթին ի նկատի ունենք մեր սահմանները, որովհետև այդ սահմաններով է որոշվում մեր տեղը Երկիր մոլորակի վրա, մեր ապագան և անցյալի մասին մեր պատկերացումը: Շնորհավորելով ԱԱԾ սահմանապահ զորքերին` այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա գնահատմամբ` սահմանը, ընդհանրապես, ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ. ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու, և որից ընդամենը մեկ սանտիմետր այս կողմ զգում ես ինչպես տանը:
«Սահմանապահ ծառայությունը, Սահմանապահի օրն այս առումով ունի չափազանց կարևոր նշանակություն: Մեզ հայտնի հանգամանքների բերումով, այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն: Եվ այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները, այդ առաքելությունը պատվով կատարում են ՀՀ ԶՈւ ծառայողները, այդ առաքելությունը կատարում են Ոստիկանության զորքերի ծառայողները:
Այսօր ՀՀ-ում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայրն է, և այս առումով Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի համար, մեր ժողովրդի համար։ Մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից Երևանում է աշխատում, թե ՀՀ սահմանի որևէ ուղեկալում կամ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունն է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց` կատարած ծառայության համար, շնորհակալություն հայտնեց ՀՀ ԶՈւ-ին` սահմանի իրենց վստահված հատվածի պաշտպանության համար, շնորհակալություն հայտնեց Ոստիկանության զորքերի ծառայողներին` իրենց վստահված սահմանի պաշտպանության համար, շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահ զորքերին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի իրենց վստահված հատվածի պահպանության համար, նաև շնորհակալություն հայտնեց սահմանապահ գյուղերի բնակիչներին` իրենց բնակավայրերի սահմանը պահպանելու ու ապրեցնելու, ու իրենց սահմանը ամուր պահելու համար:
Նշենք, որ Սահմանապահ զորքերի տոնի առթիվ այսօր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: