ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում ամենացածր վարձատրվող արվեստագետ–մանկավարժներն այս տարի հնարավորություն կունենան հավելյալ գումար աշխատելու` հավելյալ աշխատանքի դիմաց։ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի մանկավարժները կառավարությունից 1–ական մլն դրամ կստանան։
Այս որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Գումարը տրամադրվում է Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունների միջոցով իրականացվող «Քո արվեստը դպրոցում» ծրագրի իրականացման համար։
Ծրագրի ընդհանուր ֆոնդը 50 մլն դրամ է։ Մանկավարժները 1 մլն դրամի դիմաց պարտավորվում են տարվա ընթացքում այցելել 30 ուսումնական հաստատություն`Հայաստանի յուրաքանչյուր մարզում 3-ական դպրոց: Մեկ ուսումնական հաստատություն այցելության գումարը հաշվարկված է 33 300 դրամ, որի մեջ ներառված է ճանապարհածախսը, կտավների, մոլբերտների, երաժշտական գործիքների և այլ անհրաժեշտ ուսումնական պարագաների տեղափոխության ծախսերը, օրապահիկը, գիշերակացի գումարն ու բուն աշխատանքի վարձատրությունը` առանց հարկերի ու տուրքերի:
Դրա համար կառավարությունը որոշեց ծրագրին հատկացված 50 մլն դրամից բացի ևս 10 591 700 դրամ լրացուցիչ փոխանցել` հարկերն ու տուրքերը վճարելու համար։
Ծրագրի իրականացման համար 2018թ–ին հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում ընտրվել է Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի ներկայացրած ծրագիրը։