ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Շրի Լանկայի արևմուտքում նոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով News First պարբերականին։
Տեղի ոստիկանության տվյալով` պայթյունը գրանցել է այսօր առավոտյան Պուգոդա քաղաքում, որը գտնվում է երկրի փաստացի մայրաքաղաքից` Կոլոմբոյից, 37 կմ հեռավորության վրա։ Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկան։ Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին` Զատկի օրը, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Եվս մեկ պայթյուն էլ գրանցվել է ապրիլի 22-ին Կոլոմբոյում (Շրի Լանկա) Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։ Կառավարությունը կեսգիշերից արտակարգ դրություն է մտցրել երկրում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային: Ավելի վաղ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՀ ԱԳՆ–ն։