ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին ու աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետին համայնքանյին բյուջեից յուրացումներ կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հարուցված քրեական գործի, Ուլիխանյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում կեղծ փաստաթղթերի միջոցով խոշոր չափերի յուրացումներ է կատարել:
Մասնավորապես, 2016 թվականի ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացրել է այդ միջոցառման համար բյուջեից դուրս գրված ողջ գումարը:
Այդ նպատակով կազմվել է կեղծ փաստաթուղթ, ըստ որի՝ ռեստորանում, իբր, կազմակերպվել և անցկացվել է նշված միջոցառումը։
Իսկ 2018 թվականին Երևանի քաղաքապետարանի և 7 կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով Նոր Նորք վարչական շրջանի համար ձեռք են բերվել տարբեր տեսակի շինանյութեր, նստարաններ, ճոճանակներ և զրուցարաններ, սակայն պարզ չէ, թե երբ և ովքեր են ստացել այդ ապրանքատեսակները: Ուլիխանյանը ստորագրել է դրանց ձեռքբերման փաստաթղթերը, բայց չի կնքել։
Ինչ վերաբերում է Նորք Նորք վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին, ապա քննությամբ պարզվել է, որ նա, 2010 թվականի մայիսի 31-ից զբաղեցնելով այդ պաշտոնը, ակնհայտ կեղծ տեղեկություններ է մուտքագրել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձևաչափի թղթերի քանակի վերաբերյալ, և իրականում ավելի քիչ թուղթ է հատկացրել։
Հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են աշխատակազմի աշխատակիցներ, կատարվել խուզարկություններ:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանի ու աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հիշեցնենք` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը 2018թ.–ի սեպտեմբերի 4-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել էր իր հրաժարականի մասին։ «Որոշել եմ դիմում ներկայացնել՝ դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար: Պատճառը հստակ է. առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են, և ես նպատակահարմար եմ գտնում ազատել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ հույս ունենալով, որ այն կզբաղեցնի մեր բնակիչների սերն ու հարգանքը վայելող, պատասխանատվության բարձր զգացումով անձ» - գրել էր նա:
Արմեն Ուլիխանյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2012- 18թթ.–ին։