ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀԱԵ Կոստանդնուպոլիսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին ուղղված նամակում ցավակցություն է հայտնել 1915թ–ին Օսմանյան կայսրությունում մահացած հայերի սերունդներին։
«Հարգում եմ օսմանյան հայերի հիշատակը, որոնք մահացել են Առաջին աշխարհամարտի դաժան պայմաններում, իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց սերունդներին։ Ինչպես յուրաքանչյուր կայսրության անկման գործընթացում, Օսմանյան կայսրության վերջին տարիներին եղել են լուրջ մարդասիրական ճգնաժամեր։ Ես Ալլահի ողորմածություն եմ մաղթում մարդկանց, որոնք այդ ժամանակ մահացել են համաճարակների, գաղթի, թուլացած պետական իշխանության պատճառով, որի հետևանքով ավազակախմբերը և զինված խմբավորումներն անկարգություններ են կազմակերպել», – գրել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, որ հայ համայնքը զգալի ավանդ է Թուրքիայի զարգացման մեջ՝ ինչպես օսմանյան շրջանում, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության ձևավորումից հետո։ Նա հավաստիացրել է, որ թուրքական իշխանությունները «հատուկ նշանակություն են տալիս երկրի հայ համայնքի անվտանգությանն ու բարեկեցությանը»։
«Էթնիկ հայերին Թուրքիայի քաղաքացիների թվից մեկուսացնելու ցանկացած փորձ վճռականորեն կխափանվի։ Մենք պատմության ընթացքում կիսել են ցավը և ուրախությունը, և մեզ համար ընդհանուր նպատակ է բուժել անցյալի վերքերն ու ամրապնդել մեր հարաբերությունները։ Ելնելով դրանից` մաղթում եմ, որպեսզի դուք հնարավորություն չտաք որոշակի շրջաններին սերմանել ատելություն` խեղաթյուրելով մեր ընդհանուր պատմությունը», – գրել է Էրդողանը Աթեշյանին։
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։
Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 49-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։