ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Գվատեմալայի խորհրդարանը խոստացել է ԼՂ–ին վերաբերող հարցերում այսուհետ չեզոքություն պահպանել։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` հիշեցնելով, որ Գվատեմալայի խորհրդարանը 2015 թ.–ին ընդունել էր հակահայկական բանաձև։
Այն, Ռուբինյանի համոզմամբ, հետևանք է Կենտրոնական Ամերիկայում Հայաստանի պասիվ և Ադրբեջանի ակտիվ աշխատանքի:
«ՀՀ ԱԳՆ-ի և դեսպանի մակարդակով քննարկումների ժամանակ այս հարցը բարձրացվել է, և Գվատեմալայի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ այդ բանաձևն ընդունվել է նախորդ գումարման խորհրդարանում և քիչ ձայներով և եղել է խոստում, որ այսուհետև ԼՂ հետ կապված հարցերում կլինեն չեզոք և հնարավորինս զուսպ»,-ասաց նա:
Գվատեմալայի խորհրդարանի նոր ղեկավարությունն առաջարկել է նաև ՀՀ գործընկերների հետ համագործակցության համաձայնագիր կնքել, որը կնպաստի միջխորհրդարանական կապերի հաստատմանն ու խորացմանը։
Համաձայնագրի նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և արժանացավ հանձնաժողովի անդամների միաձայն հաստատմանը։