Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները ապրիլի 4–ին Հայաստանում` մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում, անցկացրին մարտավարական զորավարժությունների եզրափակիչ փուլը։
Զինվորականները իսկական վարպետությամբ հետ մղեցին պայմանական հակառակորդի հարձակումը և անցան հակահարձակման։ Հետո գործի անցավ ավիացիան` ՄիԳ–29 կործանիչներն ու Մի–28 և Մի–8 ուղղաթիռները։
Զորավարժություններին հրամանատարական կետից հետևում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Զորավարժություններին մասնակցում էին մոտ 1500 զինծառայող ու ռազմական տեխնիկայի ավելի քան 400 միավոր` ավիացիա, հրետանի, այդ թվում` ռեակտիվ, զրահատանկային զորքեր և այլ միավորումներ։
Զորավարժությունների սցենարը նախապես ծրագրված չէր. զինծառայողները հանձնարարություններ էին ստանում մարտական իրադրության զարգացմանը զուգահեռ։
Զորավարժության լավագույն կադրերն ու ամենատպավորիչ պահերը հայտնվեցին Sputnik Արմենիայի ֆոտոթղթակցի օբյեկտիվում։