ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետ է նշանակվել Խաչատուր Խաչատրյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Խաչատուր Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ»,– նշված է հրամանագրում։
Սարգսյանը փաստաթուղթը ստորագրել է ապրիլի 4-ին։
Նշենք, որ համալսարանի նախորդ պետը` Արմեն Ղահրամանյանը, ազատվել էր պաշտոնից 2018 թվականի հոկտեմբերի 27-ին։ Գեներալ–մայոր Ղահրամանյանն ուսումնական հաստատությունը ղեկավարել էր 2015 թվականի փետրվարից։ Նրան այդ պաշտոնում նշանակել էր Սերժ Սարգսյանը։
Այս ընթացքում Խաչատրյանը կատարում էր պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։