Սոնա Տերմենջյանը վստահեցնում է, պատվաստումը կարևոր առաջին քայլն է կանխելու Մարդու պապիլոմավիրուսային վարակով պայմանավորված հեռահար հետևանքները, որոնք ներառում են արգանդի պարանոցի քաղցկեղը, անպտղությունը կամ նույնիսկ մահը:
ՄՊՎ-ն վիրուսների խումբ է, որը վարակում է մաշկը կամ տարբեր լորձաթաղանթները (օրինակ` բերանի կամ արգանդի պարանոցի): Այս վիրուսների տեսակների մեծ մասը վտանգավոր չեն, սակայն ՄՊՎ-ի առավել տարածված տեսակները կարող են առաջացնել սեռական գորտնուկներ, արգանդի պարանոցի քաղցկեղ և այլ հիվանդություններ: Կյանքի ընթացքում մարդկանց շուրջ 80% ենթարկվում է այս վիրուսի որևէ տեսակով վարակման ռիսկին, ասում է մասնագետը:
«Ամեն տարի ՀՀ-ում 250-270 դեպք է հայտնաբերվում, յուրաքանչյուր 36 ժամը մեկ մի կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, և ամեն 72 ժամը մեկ մի կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից։ Պապիլոմա վիրուսն ամենահաճախ հանդիպող սեռավարակներից է։ Վիրուսը կարող է փոխանցվել ոչ միայն սեռական ճանապարհով չի փոխանցվում»,- մանրամասնում է Տերմենջյանը:
Նրա խոսքով ՄՊՎ վարակը փոխանցվում է սերտ շփման միջոցով, մաշկից-մաշկ, վարակված հատվածի հետ շփվելիս: Վարակը կարող է փոխանցվել վարակված հատվածի հետ ցանկացած սերտ շփման դեպքում:
«Շատ հազվադեպ ծննդաբերության ժամանակ վիրուսը կարող է փոխանցվել հիվանդ մորից երեխային: Փոխանցման այս տեսակը կարող է հանգեցնել նորածինների շրջանում լուրջ, սակայն հազվադեպ հանդիպող հիվանդության, որը կոչվում է վերին շնչուղիների պապիլոմատոզ»:
Բժշկի տեղեկացմամբ` ՄՊՎ-ն ժառանգական բնույթ չի կրում, գենետիկորեն չի փոխանցվում, կախված չէ գենետիկ կոդից կամ հիվանդության ընտանեկան վերհուշից:
Վարակից խուսափելու լավագույն միջողը պատվաստում է: