ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հովհաննիսյան ամուսինները սեփական ձեռքերով պանիր են պատրաստում Բաշկիրիայի ամենախոշոր քաղաքների համար։
«Ռեսպուբլիկա Բաշկորտոստան» թերթը գրում է, որ Նիժնեուլու Ելգա գյուղում 2009 թվականին բացված հայ ընտանիքին պատկանող արտադրամասն օրական ավելի քան 250 կիլոգրամ պանիր, կարագ ու կաթ է արտադրում։
Հովհաննիսյան ամուսինները Հայաստանից Բաշկորտոստան են տեղափոխվել 1990-ականների կեսերին և կաթնամթերքի արտադրամաս հիմնել։
Այստեղ պատրաստված պանիրների վեց տեսակները հաճույքով գնում են մեծածախ գնորդները Բելեբեյից, Օկտյաբորսկոյեից, Ստերլիտամակայից, Ուֆայից ու Ռաևսկի գյուղից։ Հանրապետությունում բարձր են գնահատում Հովհաննիսյանների աշխատանքը, նրանք պարբերաբար մրցանակներ են ստանում մթերքի բարձր որակի համար։
Ծնողների օրինակին է հետևել նրանց չորս դուստրերից մեկը, որը նույնպես գործարար պանրագործ է դարձել։ Հիմա ընտանիքը մտադիր է գյուղական զբոսաշրջությունը զարգացնել տեղի «Կուկչում» առողջարանային ճամբարի հիման վրա։ Արդեն մի քանի ամառ է նրանք ճամբարին կաթնամթերք են մատակարարում։ Այս մասին հայտնում է շրջանային ադմինիստրացիայի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Ամերիկայում մեծ տարածում է ստանում հայկական չեչիլ պանիրը։