ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Վանաձոր– Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` մարտի 30-ին, ժամը 11։20-ին։
Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մնացած 13 ուղևորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել։
Ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու դեպքի վայրում եղած քաղաքացիները ուղևորներին դուրս են բերել ավտոմեքենայից։
Ավտոմեքենան ձորից դուրս են բերել վերամբարձ կռունկի միջոցով։
Կայքը հայտնում է, որ ավտոճանապարհի այս հատվածում մերկասառույցն է, ճանապարհը ձնից մաքրված չէ, աղ ու ավազով մշակված չէ։