Մելիքյանը նշում է` սա կարևոր և հրատապ գործընթաց է, որը ցույց է տալիս «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի անկատար լինելը։
«Այստեղ շահերի բախման խնդիր կա, սակայն կարևոր է, որ սա բաց մրցույթ է, բազմաթիվ թեկնածուներ կան։ Շատ դրական է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց նաև ներառական կարգով ընդգրկել հասարակական լրագրողական կազմակերպություններին, որ թեկնածու ներկայացնեն, ստեղծագործական միություններին և, ըստ մշակված կարգի, մի անդամ էլ հենց հանձնաժողովն է ներկայացնելու»,-ասաց Մելիքյանը։
Մելիքյանի խոսքով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շատ ակտիվ դերակատարություն է ունեցել մրցութային հանձնաժողովի կազմավորման գործընթացում, և դա նախատեսված է օրենքով։
«Ամեն ինչ նորմալ է, և գուցե արտաքուստ շատ ավելի ժողովրդավարական մոտեցում է եղել, քան օրենքն է դա պահանջում։ Սակայն եղան երևույթներ, որոնք ստվերեցին այդ ամենի արժեքը»,- նշեց Մելիքյանը։
Ըստ կոմիտեի նախագահի՝ անհրաժեշտ էր ղեկավարվել մշակված կարգով, և կարևոր էր, որ բացառվեր շահերի բախում հասկացությունը, իսկ այս իրավիճակում դա ակնհայտ է։ Հանձնաժողովի անդամներից երեք հոգու թեկնածու լինելը խոսում է հենց դրա մասին։ Եվ փաստը, որ օրենքը դա չի արգելում, բավարար չէ։
Մելիքյանը նշեց նաև, որ հիմա շատ ակտիվ քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունը։ Տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ աշխատանքային խումբը պատրաստում է նոր օրենքի նախագիծ, որի միջոցով պետք է լրացվեն բացերը՝ սահմանելով համապատասխան դրույթներ։
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մրցույթում հաղթողին պետք է հանրությունը առնի խոշորացույցի տակ և եթե թեկնածուն չհամապատասխանի պահանջներին, կարող է հրաժարականի պահանջ բարձրացնել։
«Մենք ուզում ենք ունենալ լավ Հանրային հեռուստաընկերություն։ Հիմա վաղ է խոսելը, թե ով կլինի։ Բայց այնուամենայնիվ, անկախ նրանից թե ինչ տեղի կունենա, այս գործընթացները կարգավորող օրենքը պետք է հիմնովին փոխվի»,- ընդգծեց Մելիքյանը։