ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Առաջիկայում հրաժարական կներկայացնի ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ըստ տեղեկությունների` վերջինիս առաջիկայում պետք է հարցաքննեն նաև 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Ս. Կարապետյանից, որը հայտարարեց. «Ես դեռ կկողմնորոշվեմ, կասեմ: Դեռ հրաման չկա: Կարող է` զորացրվեմ: Հո սաղ կյանքս չե՞մ ծառայելու…»,– նշված է հոդվածում:
Մարտի 1-ի հարցաքննության մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցից Կարապետյանը հանկարծակի վրդովվել է, ինչ-որ անհասկանալի բառեր ասել ու անջատել հեռախոսը:
Թերթը գրում է, որ ՀՔԾ-ն տևական ժամանակ փորձում է Օգանովսկուն հրավիրել հարցաքննության, սակայն նա լռելյայն շրջանցել է թեման, իսկ բերման ենթարկել իրավապահները չեն ուզեցել՝ հաշվի առնելով փաստը, որ նա ոչ թե ՀՀ, այլ Արցախի Հանրապետության զինվորական պաշտոնյա է: