ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Փաշինյան–Ալիև հանդիպմանը զուհագեռ սոցիալական կայքերում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին տեղեկացնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա հրապարակել է ապատեղեկատվությունը բացահայտած աղջկա գրառումը։
Սադրանքի հեղինակները Facebook-ից գողացել են Սոնա Սիմոնյանի զինծառայող եղբոր` Արսեն Հակոբյանի լուսանկարը և նրա իրական անուն–ազգանունով ու այլ անձնական տվյալներով կեղծ լուրեր են տարածել, թե իբր Արսեն Հակոբյանը հակառակորդի կրակոցից մահացել է մարտի 28-ին, 14։40-ին ԼՂՀ ՊԲ պաշտպանական դիրքում ։
«Տեղեկությունը բացարձակ սուտ է: Նյութում գրված ծննդյան տարեթիվը և ազգանունը եղբորինս է, այսինքն նյութը գրել են այնպես, որ ինֆորմացիայի մի մասի ճիշտ լինելու հիման վրա նյութը արագ տարածվի ու թքած թե նյութը կարող են տեսնել նաև զինվորի ծնողները ու բարեկամները, թքած թե մինչև իրականությունը պարզելը ինչ կկատարվի նրանց հետ»,– գրում է ապատեղեկատվույունը բացահայտած աղջիկը։
Սոնա Սիմոնյանն իր գրառմամբ խնդրում է դադարեցնել եղբոր լուսանկարով կեղծ լուրի տարածմանն ու հայցում այդ հարցում պատկան կառույցների աջակցությունը։
Նշենք, որ այսօր` մարտի 29-ին, Վիեննայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Շատերը զինվորի հետ կապված սադրանքը կապում են այդ հանդիպման հետ։