Արմանը տան միակ աշխատողն է, կինը պատրաստվում է մայրանալ․ Արմանի խնամքի տակ է նաև տարեց մայրը։ Գործատուն հեռացրել է նրան աշխատանքից՝ պատճառաբանելով, որ նա չի հաղթահարել ատեստացիան։ Արմանը պնդում է, որ ատեստացիան անցկացվել է ընթացակարգի կոպիտ խախտումներով, և գործատուի որոշումը հաշվեհարդար է իր հանդեպ․անձնական խնդիրներ են ունեցել, «գործատուն չի մարսել»։ Գործատուի կայացրած որոշման հետ նա չի համաձայնում, ավելին՝ պատրաստվում է դատարանում պայքարել իր աշխատանքային իրավունքների վերականգնման համար:
Աշխատանքային իրավունքների խախտումները մեր երկրում չեն վերացել, ամեն տարի Հայաստանում մի քանի հազար աշխատողի իրավունք է խախտվում՝ չգրանցված աշխատանք, չվճարվող արձակուրդ, արձակուրդի բացակայություն, արտաժամյա չվճարվող աշխատանք և այլն։ Բարձրաձայնել, բողոքել, անհամաձայնություն հայտնել համարձակվում են լավագույն դեպքում մի քանի հարյուրը, այն էլ սովորաբար միայն աշխատանքից հեռանալուց կամ հեռացվելուց հետո։ Շատերը լուռ ու խոնարհ, գլուխները կախ, խախտված իրավունքներով շարունակում են աշխատել՝ վախենալով կորցնել իրենց աշխատանքը կամ աշխատող-գործատու հաճախ անհավասար պայքարի մեջ ներքաշվել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ իրականացված մոնիթորինգը ցույց է տվել, որ 2018 թ.-ին նախարարություն ստացվել է 404 քաղաքացու գրություն։
«78 գրության դեպքում հստակ նշված էր, որ խախտվել է իրենց իրավունքը: Մենք մեր կանոնադրական գործառույթների շրջանակներում տալիս ենք պարզաբանումներ և ուղղորդում, թե ինչպես և որտեղ դիմեն՝ իրենց իրավունքները վերականգնելու համար»,- ասում է Ժորա Սարգսյանը:
2013թ.-ից սկսած նախարարությունն ուղղորդելուց և խորհրդատվություն մատուցելուց բացի ուրիշ ոչինչ անել չի կարող՝ նման գործառույթ չունի: 2005-2013թթ. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործում էր Աշխատանքի պետական տեսչությունը, որի կանոնադրական գործառույթների շրջանակում էր նաև աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջական վերահսկողություն իրականացնելը, որը ենթադրում էր նաև աշխատանքային իրավունքների պաշտպանություն: Ըստ Ժորա Սարգսյանի՝ վերահսկողական մարմնի գոյությունը նաև գործատուին ավելի աչալուրջ և հետևողական էր դարձնում, իսկ աշխատողներին էլ հնարավորություն էր տալիս անհրաժեշտության դեպքում աշխատանքային իրավունքները վերականգնելու: 2013 թ.-ին այն միավորվեց Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության հետ։ Այսօր Առողջապահական պետական տեսչության գործառույթները սահմանափակվում են միայն աշխատողների առողջությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերով:
Ստացվում է, որ այսօր որևէ պետական մարմին չի զբաղվում քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ: Հետևաբար, եթե աշխատողն ուզում է դատարանում պայքարել իր իրավունքների վերականգնման համար, ապա ստիպված է ներքաշվել բավականին ծախսատար գործընթացի մեջ:
Ամբողջ աշխարհում աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամենաազդեցիկ արտադատական մարմիններից են արհեստակցական միությունները: Մեր երկրում դեռևս արհմիություններն էլ չեն կարողանում իրենց գործառույթները լիարժեք իրականացնել: Պատճառներից մեկն այն է, որ արհմիության անդամը միևնույն ժամանակ կարող է տվյալ ընկերության աշխատակիցը լինել, ինչը բնականաբար, հանգեցնում է շահերի բախման:
Անցյալ տարի Հայաստանում ստեղծվեց Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը. այն անվճար հիմունքներով քաղաքացիներին մատուցում է և՛ իրավախորհրդատվություն, և՛ փաստաբանական ծառայություններ: Ի դեպ, ներկայում հենց այս գրասենյակի փաստաբաններն են զբաղվում նաև Արմանի գործով՝ պատրաստվելով դատարանում վիճարկել գործատուի կայացրած որոշումը:
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանագրին, որովհետև սա առաջին քայլն է, որպեսզի քաղաքացին ինքն իրեն պաշտպանի. «Եթե չկա աշխատանքային պայմանագիր, ապա քաղաքացին չի կարող ապացուցել, որ ինքն աշխատում է, և հետագայում, եթե աշխատանքային վեճեր ծագեն, ապա չի կարող իր աշխատանքային իրավունքները պաշտպանել»:
Անդրադառնալով այն դեպքերին, երբ աշխատանքային պայմանագրով նշվում է առավել ցածր աշխատավարձի չափ, քան իրականում ստանում է աշխատողը՝ Ժորա Սարգսյանը նշում է, որ հետագայում աշխատանքային վեճերի ծագման դեպքում հիմք է ընդունվելու հենց պայմանագրում նշված աշխատավարձը: Հիշեցնենք նաև, որ եթե քաղաքացին 1974թ.-ից հետո է ծնվել, այսինքն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է, ուրեմն փաստացի աշխատավարձի չափն անուղղակիորեն ազդելու է ծերության համար կուտակվող գումարի չափի վրա:
Յուրիկը տարիներ շարունակ աշխատել է քարհանքում, ունեցել է շաբաթական 6 աշխատանքային օր, 4 տարիների ընթացքում չի ունեցել արձակուրդ (գործատուն նշել է, որ նման սովորություն չունեն, ոչ մեկի արձակուրդ չեն տալիս), հեռացվել է աշխատանքից՝ կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառաբանությամբ և չի ստացել անգամ արձակման նպաստ։
Արդյոք կենսաթոշակային տարիքի լրանալը բավարա՞ր պատճառ է մարդուն աշխատանքից հեռացնելու համար։ Ժորա Սարգսյանը նշում է, որ կարելի է միայն այն դեպքում, եթե այդ կետը աշխատանքային պայմանագրում ամրագրված է:
Սովորաբար լրագրողներն այն մարդիկ են, ովքեր առաջիններից են բարձրաձայնում քաղաքացիների խախտված իրավունքների մասին և փորձում պայքարել դրանց վերականգնման համար: Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական, վերլուծական ծրագրի արդեն նախկին երկու լրագրողները՝ Սիրանույշ Մուրադյանն ու Լիանա Կարապետյանը պատրաստվում են դատական կարգով վիճարկել Հանրային հեռուստառադիոխորհրդի՝ իրենց կրճատման վերաբերյալ կայացրած որոշումը: Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել, ապրիլի 30-ին նշանակված է նախապատրաստական առաջին դատական նիստը:
«Պատճառաբանել են, որ հին աշխատողներին կրճատում են. հին լինելը դա իրավական կատեգորիա չէ: Ես չեմ ստացել տրամաբանական որևէ պատասխան, թե ինչու ընտրությունը կանգնեց հենց մեզ վրա, որ չափորոշիչներին մենք չհամապատասխանեցինք: Մեզ ծանուցել են, որ մարտի 1-ից մենք չենք աշխատելու, բայց հունվարի 11-ից ասել են՝ ազատիր աշխատանքային սեղանդ, համակարգիչդ, որովհետև նորեկները պիտի աշխատեն. մեզ անգամ չեն թողել «նյուզռում» մտնել: Ես ունեի բազմաթիվ հանդիպումներ, որոնք չեղարկել եմ, որովհետև ինձ ասել են՝ դու այլևս չես կարող ռեպորտաժներ պատրաստել: Մինչև մարտի 1-ը ես և Սիրանույշը եղել ենք մեր «մեկուսարան-սենյակում», անգամ տնից մեր անձնական համակարգիչներն ենք բերել, որ գոնե մեզ մի բանով զբաղեցնենք»,- պատմում է լրագրող Լիանա Կարապետյանը:
Սիրանույշ Մուրադյանն իր գործընկերոջ խոսքին հավելում է՝ քանի դեռ չկար դատարանի որոշումը, իրենց չպիտի աշխատանքից ազատեին. ըստ նրա՝ այստեղ ևս
Լրագրողները վճռական են տրամադրված, պատրաստ են դիմել մինչև Եվրոպական դատարաններ: Ոչ ոք չպիտի լուռ հետևի, թե ինչպես են խախտվում իր իրավունքները: Լրագրողներն իրենց պայքարով պետք է նաև օրինակ դառնան բոլոր այն մարդկանց համար, ովքեր կասկածների մեջ են՝ պայքարե՞ լ, թե՞ լռել: