ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Հայկական հյուսած պանիրը լավագույն անակնկալն է, որը կարող եք հայտնաբերել սառնարանում։ Այս մասին գրում է ուտելիքներին, ըմպելիքներին, կինոճանապարհորդություններին ու ժամանցին նվիրված Thrillist առցանց հարթակը։
«Պատկերացրեք, որ ծանր աշխատանքային օրվանից հետո տուն եք եկել, շատ սոված եք, բայց մինչև կերակուրը կպատրաստվի, պետք է մի բան ուտեք։ Սառնարանը բացում եք ինչ-որ համեղ խորտիկ գտնելու ակնկալիքով։ Չեչիլ պանիրը լավագույն բանն է, որը կարող էր սառնարանում թողած լիներ ձեր սենյակակիցը», – նշվում է հոդվածում։
Չեչիլը պատրաստում են քիչ յուղայնություն ունեցող կամ առանց յուղայնության կաթից, այն 10 % յուղայնություն ունի։ Չեչիլն ամենաքիչ կալորիականություն ունեցող պանիրներից է։ Այն շատ լավ ընտրություն է նիհարել ցանկացող մարդկանց համար։
Պարբերականը խորհուրդ է տալիս հայկական պանիր հյուրասիրել մեծ հավաքույթների ժամանակ։ Թեթև զրույցի շուրջ հյուրերը կարող են մեծ քանակությամբ ուտել այդ պանիրը։ Ու այն շատ ավելի օգտակար է, քան չիփսերն ու չորահացերը։
«Մի ամաչեք ստեղծագործական մոտեցում դրսևորել ու էքսպերիմենտներ անել չեչիլի հետ` օգտագործելով այն տարբեր ուտեստներ պատրաստելիս։ Կարող եք օգտագործել այն որպես պղպեղի լցնոք, որպես պիցցայի բաղադրիչ կամ ձվածեղ պատրաստելիս», – գրում է պարբերականը։
Նշենք, որ չեչիլն ավելի քան երկու ամիս կարելի սառնարանում պահել. այդ պատճառով այն հարմար է տուփով գնելու համար։