ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանի նախկին իշխանությունը որևէ խոչընդոտ չեն ստեղծել բիզնեսի աշխատանքում։ Այսօր` մարտի 26-ին, լրագրողներին ասաց «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։
Նրա խոսքով` խնդիրներ չեն առաջանում նաև նոր իշխանության հետ։
«Մենք հարկային ստուգումներ ունեցել ենք, մեր հաշվետվությունները հարկ եղածի նման ճշգրտել ենք և այն ամենը, ինչը պետք էր, վճարել ենք։ Այնպես որ պետք չէ մտածել, որ մեզ հետ թշնամություն են անում կամ մեզ հետապնդում են», – ասաց գործարարը։
Նա նաև վստահեցրեց, որ նախկին իշխանությունից ոչ ոք ընկերությունում մասնաբաժին չունի և փայ չի պահանջել։
«Ճամպրուկով փող էլ չեմ տարել Բաղրամյան 26»,– ասաց Ղազարյանը։
Նա հերքեց նաև Սեդրակ Քոչարյանի (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի – խմբ.), երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի և երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի մասին առնչություն ունենալու հարցապնդումները։ Ղազարյանը նշեց, որ բիզնեսը պետք է և կարող է ենթարկվել միայն օրենքին։
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ընկերության պանրագործարանի բացմանը։
«Սպայկան» Հայաստանից թարմ միրգ և բանջարեղենի խոշորագույն արտահանողն է։ Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է։