ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Սովորողի փոխարեն կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքներ գրելու առաջարկներն այլևս չեն գովազդվի: Նման առաջարկով է հանդես եկել ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը` համապատասխան փոփոխություն առաջարկելով «ՀՀ գովազդի մասին օրենքում»:
Ինչպես այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց նախագծի հեղինակը, առաջարկվող փոփոխությամբ «արգելվելու է կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը»։
Համաձայն լինելով առաջարկվող օրինագծին` պատգամավորները նշեցին, որ այն, այնուամենայնիվ, չի կանոնակարգում ամբողջ դաշտը: Արգելելով գովազդի մի տարբերակը` օրենքը չի կարող վերահսկել դրա բոլոր դրսևորումները:
«Ինտերնետային հարթակներում, սոցիալական ցանցերում նմանատիպ վճարովի ծառայություններ մատուցող կազմակերպությունների գովազդը չի կանոնակարգվում: Որպես կանոն այդ կառույցները տեղակայված են լինում բուհերի հարևանությամբ, և յուրաքանչյուր ուսանող շատ լավ գիտի,թե որտեղ կարելի է դրանց գտնել»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն էլ համոզմունք հայտնեց, որ նշված գովազդներն ուսանողին դրդում են մտածելու ուսանելու հնարավորությունը վատնելու ու նման ծառայություններից օգտվելու մասին: «Ես կարծում եմ, որ սա կարևորագույն օրենք է»,- ասաց նա` նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը:
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ գովազդն արգելելով գրագողության հարցը չի լուծվում: «Գրագողությունը վտանգավոր է, օգտվելու որովհետև մարդկանց տալիս է հնարավորություն ուրիշի փոխարեն գնալ առաջ: Մենք ունենք բազում պաշտոնյաներ, որոնք թեկնածուական կամ դոկտորական աշխատանքներ են ներկայացրել, և դրանք գրագողության արդյունք են»,- ասաց նա` ներկայացրած օրենքը որակելով գրագողության դեմ պայքարի առաջին քայլ:
ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն էլ հայտնեց, որ հարցի ամբողջական լուծման համար նախարարությունն աշխատանքներ է տանում հակագրագողության (անտիպլագիատ) համակարգի ստեղծման ուղղությամբ, քանի որ գործող համակարգը շատ սահմանափակ հնարավորություններ ունի: «Այստեղ խնդիրն այն է, որ հայերեն լեզվով բավարար բազա պիտի ստեղծվի, ինչը որոշակի ջանքեր է պահանջում»,- ասաց նա:
Նախագծի քվեարկությունը նախատեսվում է ԱԺ վաղվա` մարտի 27-ի նիստից առաջ: