ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Այսօր Երևանում տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի արարողությունը։ Շենքերը շահագործման կհանձնեն 2021 թվականի նոյեմբերին, իսկ ամբողջ համալիրը` 2022 թվականի մայիսին։
Արարողությանը ներկա էին նախագծի հեղինակ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նոր ղեկավար Վահագն Վերմիշյանը, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, «ԵՊՀ շրջանավարտների միություն» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը։
Ապագա համալիրի տարածքը օծեցին Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները։
Այս համալիրի շինարարության համար 6,7 հա մակերեսով հողատարածք է հատկացվել Մոնթե Մելքոնյան փողոցում։ Ընդհանուր առմամբ, 8 շենք է (1100 բնակարան) կառուցվելու։ Նախատեսվում է 880 կայանատեղի ստեղծել։
Բացի այդ, շենքերում կկառուցվի կեղտաջրերի մաքրման լոկալ կայան, իսկ տանիքներին արևային մարտկոցներ կտեղադրվեն, էլեկտրականությունը կուղղվի տարածքի լուսավորմանն ու վերալակների սպասարկմանը։ Իսկ «Վերածնունդի» 32-հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրը Երևանի ամենաբարձր շենքը կդառնա։
«Վերածնունդ» ծրագրի ընդհանուր արժեքը 54 մլրդ դրամ է կազմում։ Բնակարանների արժեքը 1 քմ–ի համար 276-296 հազար դրամ է լինելու։ Կառուցապատողը` «ԵՊՀ շրջանավարտների միությունն» է։