ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Երևանի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանում կառուցվող շենքերը շահագործման կհանձնեն 2021 թ–ի նոյեմբերին, իսկ ավանը` 2022 թ–ի մայիսին։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (կառուցապատող) նախագահ Արսեն Քարամյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Ավանը կունենա 8 մասնաշենք, որոնք կունենան 18-32 հարկ, 1100 բնակարան, 880 ավտոկայանատեղ։ Կառուցապատման ընդհանուր մակերեսը 227 500 քմ է, հասարակական նշանակության տարածքների ընդհանուր մակերեսը՝ 13 500 քմ, կանաչապատ գոտիների ընդհանուր մակերեսը՝ 25 000 քմ, բնակարանների 1քմ–ի արժեքը՝ 276000-296000 ՀՀ դրամ՝ կախված ներքին հարդարումից։
Ավանում կառուցվելու է մանկապարտեզ (մինչև 220 երեխայի համար), մարզահամալիր (150 մարդ/ժամ), առևտրի և սպասարկման կենտրոն, կինոթատրոն:
Առաջին անգամ բազմաբնակարան շենքերում ներդրվելու է կոյուղաջրերի և թափոնների մաքրման տեղային կայան:
Շենքերի տանիքները կահավորվելու են արևային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության և վերելակների էլեկտրասնուցման համար:
Համալիրի մաս կազմող 32 հարկանի «Վերածնունդ» բազմաֆունկցիոնալ բնակելի և բիզնես կենտրոնը կլինի այս պահին Երևանի ամենաբարձրահարկ շենքը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 54 միլիարդ ՀՀ դրամ է։