ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. «Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը և հայտնել, թե ինչու է հետ վերցրել Երևանի ուղղությամբ ՌԴ որոշ քաղաքներից թռիչքներ կատարելու թույլտվությունը։
Երեկ հայտնի դարձավ, որ ավիաընկերությունը հետ է կանչել 67 ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվությունը, դրանց շարքում է նաև Երևանը։
««Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունն ինքնուրույն է հետ կանչել որոշ ուղղություններով թռիչքներ կատարելու թույլտվությունը` երթուղային ցանցի կատարելագործման նպատակով։ Այդ քայլերը ձեռնարկվել են ավիաընկերության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և չեն ազդի գործունեության ծավալի կամ մատուցող ծառայությունների որակի վրա», – Sputnik Արմենիային ասաց ընկերության մամուլի քարտուղար Վերա Գասնիկովան։
Թույլտվությունը հետ է կանչվել այն ուղղություններով, որոնք նախկինում չեն իրականացվել, քանի որ թույլտվություն ստանալը դեռ չի նշանակում, որ անպայման նման չվերթեր կլինեն։
Հաղորդագրությունում նշվում է, որ թռիչքների թույլտվությունն անհրաժեշտ փաստաթուղթ է` նման չվերթերի պլանավորումը սկսելու համար։ Բայց չվացուցակում այդ չվերթերը ներառելը կախված է շատ գործոններից` տնտեսական իրավիճակից և ուղղության պահանջարկից։
Ռոսավիացիայի հրամանագրում նշվում է, որ ընկերությունը հետ է կանչել Բառնաուլից, Վոլգոգրադից, Ուֆայից, Տոմսկից, Իրկուտսկից, Կրասնոյարսկից, Նովոսիբիրսկից, Օմսկից, Կազանից դեպի Երևան չվերթեր կատարելու թույլտվությունը։
Հետ կանչված միջազգային ուղղությունների շարքում են նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի քաղաքները։
Տվյալ պահին ավիաընկերության ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ չվերթեր են կատարում Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Սամարայից, Եկատերինբուրգից և Կրասնոդարից։