ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ինֆարկտը, շաքարային դիաբետը և կրծքագեղձի քաղցկեղը վաղաժամ մահվան հանգեցնող հիվանդություններ են։ Եթե դրանք ժամանակին ախտորոշվեն, հնարավոր կլինի փրկել մարդուն և խուսափել հետևանքներից։ Այդ նպատակով Արմավիրի և Արարատի մարզերում գործարկվել է «Առողջ ապրելու իմ քայլը» փորձնական ծրագիրը։
«Արդեն մեկ ամիս է` ծրագիրը գործում է։ Պոլիկլինիկաների և հիվանդանոցների բժիշկները սկսել են այցելել բնակիչներին` չսպասելով, որ նրանք գանգատներով դիմեն մեզ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը։
Նրա խոսքով` հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ մարզերի բնակչության 25 տոկոսը տառապում են հիպերտոնիայով, նույնքանը`քրոնիկ երակային հիվանդությամբ, 8 տոկոսի մոտ արյան մեջ շաքարի պարունակությունը գերազանցում է նորման, և նրանք մոտ առկա է շաքարային դիաբետ։
Հետաքրքիր է, որ այդ մարդիկ նույնիսկ չեն կասկածել իրենց հիվանդությունների մասին և չեն պատրաստվել այցելել բժշկի։
«Այդ մարդիկ այնքան ժամանակ չէին դիմի բժշկի, մինչև հիվանդությունը չսկսեր զարգանալ, և այդ ժամանակ գործընթացը, հնարավոր է, անդառնալի լիներ», – ասաց Պետրոսյանը։
Նա նաև նշեց, որ զարկերակային ճնշման բարձրացումը նորմա չէ, և հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում պետք է իսկույն դիմել բժշկի։
Ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ 2015թ–ին Հայաստանում ներդրվել է երեք առավել տարածված հիվանդությունների` սրտամկանի ինֆարկտի, կրծքագեղձի քաղցկեղի և շաքարային դիաբետի մշտադիտարկումների համակարգ։
2015թ–ի տվյալներով` Հայաստանում ինֆարկտների 61 տոկոսը տեղի է ունենում ցածր ֆիզիկական ակտիվության, 37 տոկոսը` ծխելու, 24,6 տոկոսը` ավելորդ քաշի պատճառով։ 2018թ–ին ցուցանիշները փոխվել են. ինֆարկտների 46 տոկոսն առաջանում է ծխելու հետևանքով, 84 տոկոսը` ավելորդ քաշի, 53,8 տոկոսը` անբավարար ֆիզիկական ակտիվության։
Նա նշեց, որ պիլոտային ծրագրերը գործարկվել են Արմավիրի և Արարատի մարզերում։ Բժշկի մոտ առաջին խորհրդատվության ժամանակ մարդկանց պատմում են առողջ կենսակերպի օգուտի մասին։