ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունում շարունակվում է Հայաստանի նպաստառուների ցուցակների վերանայման գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով վարկ փակող նպաստառուների մասին իր հրապարակած թվային ցուցանիշներին` Փաշինյանը վստահեցրեց, որ դրանք իրական ցուցանիշներ են, որոնք ստացվել են պետության ունեցած տարբեր տվյալների համադրությամբ (այդ թվում` քրեական գործերով ձեռք բերված տվյալների)։
«Այո՛, այսօր կան տեսակետներ, որ պետք է դնել ու կտրել, բայց կան նաև տեսակետներ, որ դա այդպես չէ, նախ պետք է հասկանալ, թե ինչ ունենք» ,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` տեսակետներն այս հարցի շուրջ տարբեր են, հետևաբար կառավարությունը չի շտապում արագ որոշումներ կայացնել։
«Եթե մարդը նպաստառու է ու ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում, այդտեղ ակնհայտ է, որ մի բան այն չէ։ Եթե 900 000 վարկ է փակում, այդտեղ էլ է ակնհայտ, որ ինչ–որ բան այն չէ։ Բայց եթե 100 կամ 200 հազար դրամ վարկ է փակում, հնարավոր է, որ այստեղ ոչ թե չարաշահման այլ արդեն այլ երևույթի հետ գործ ունենք», – ասաց նա` հավելելով, որ նման մի ընտանիքի հանդիպել է օրեր առաջ Արարատի մարզի Ռանչպար գյուղում, որոնց տվյալներն այսօր էլ իր աշխատասեղանին են։
«Ես տեսա ու համոզվեցի, որ այդ մարդն իրոք նպաստառու է, բայց և՛ վարկ է փակում, և՛ դա հնարավոր է»,– ասաց վարչապետը։
Հիշեցնենք` մարտի 15-ին Փաշինյանը Facebook-ում գրել էր, որ Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում, ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք` մեկ միլիոն դրամ։