ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. 7 տարեկան «մաուգլի» տղան, որը աուտիզմ ուներ և գրեթե երբեք դուրս չէր գալիս աղբով լի բնակարանից, մահացել է սրտի կանգի հետևանքով։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 12-ին։
Ժենյան ապրում էր մոր` Աննա Պուշկինայի և տատի` Լիդիա Պուշկինայի հետ, որոնք նրա դաստիարակությամբ չէին զբաղվում։ Երեխան գրեթե դուրս չէր գալիս բնակարանից ։
Հայտնի է, որ մայրը սենյակից լսել է երեխայի խռխռոցը, փորձել է արթնացնել նրան, սակայն չի կարողացել և շտապօգնություն է կանչել։ Ժամանած բժիշկներն արձանագրել են, որ Ժենյայի սիրտն այլևս չի բաբախում։
Հարևաններն ասել են, որ մայրը մշտապես աղբով լցված տոպրակներ է տուն բերել։ Դրա հետևանքով տանը բազմացել են ուտիճներն ու մկները։ Հարևանուհին ավելացրել է, որ քաղաքապետարանից մի քանի բեռնատար է եկել, որպեսզի կարողանան աղբը դուրս հանել։
Տղայի հայրն առանձին է ապրում, ծնողները բաժանված են։ Տղամարդը բազմաթիվ անգամ բողոք է ներկայացրել երեխաների խնամքով զբաղվող մարմիններին, բայց արձագանք չի ստացել։
Ռուսաստանի ՔԿ–ն երեխայի մահվան փաստով նախաքննական ստուգումներ է սկսել։ Քննիչները հարցաքննել են տղայի մորն ու տատին, ինչպես նաև հարևաններին։
Մեկ շաբաթ առաջ Մոսկվայի Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարաններից մեկում հաջողվել էր փրկել նմանատիպ մեկ այլ երեխայի։ 5 տարեկան աղջիկն ապրում էր աղբով լի բնակարանում առանց լույսի և ջրի, մայրը դստերը շաբաթը մեկ էր այցելում։ Աղջկան խնամքի տակ են առել բժիշկները, նրա վիճակի մասին ավելի վաղ պատմել էր Ռուսաստանի նախագահի` երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան։