ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Պատմության մեջ առաջին հայ-վրացական խոհարարական փառատոնը կամ, այսպես կոչված` բաթլը տեղի կունենա Հայաստանում 2019թ.–ի հոկտեմբերին։
Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը Երևան–Թբիլիսի տեսակամրջի ընթացքում։
Երկու շաբաթ առաջ հայկական պատվիրակությունը` Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ, մեկնել էր Թբիլիսի։ Վրացական կողմի հետ ձեռք է բերվել համագործակցության մասին համաձայնություն։
«Փառատոնը կկազմակերպվի աշնանը, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին Լոռու մարզում կամ Տավուշում։ Փառատոնին կմասնակցեն թիմեր Վրաստանից և Հայաստանից։ Այն հերթով տեղի կունենա մե՛կ Վրաստանում, մե՛կ Հայաստանում», – ասաց Մամուլյանը։
Խոհարարական բաթլն ուղղված է երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Կազմակերպիչները հատուկ ընտրել են այն ճաշատեսակները, որոնք հաճախ դառնում են վեճի առարկա։
Պետք է ասել, որ նույն ճաշատեսակները կարող են ունենալ եղբայրական ժողովուրդները, բայց իրենց հասկանալի անվանումներով։ Օրինակ` վրացական չախոխբիլի, բայց հայկական խոխոբ, վրացական կուպատի` հայկական բումբար։
«Ապրիլի վերջին մենք Երևանում կհանդիպենք վրացի գործընկերների հետ և ավելի մանրամասն կքննարկենք միջոցառման ծրագիրը, ժամանակը, վայրը և այլ մանրամասներ», – ասաց Մամուլյանը։
Նա նշեց, որ հետագայում այդ հարթակը կարող է օգտագործվել այլ երկրներ ներգրավելու համար։ Փառատոնը կարող է վերածվել տարածաշրջանային խոհարարական իրադարձության։
Իր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նախաձեռնությունը շատ կարևոր է համարում։ Նրա խոսքով` այն կօգնի ավելի շատ մտերմացնել երկու ժողովուրդներին։
«Փառատոնը հետաքրքրիր կլինի զբոսաշրջիկներին, արդեն կան զբոսաշրջային օպերատորներ, որոնց հետաքրքրել է այդ նախաձեռնությունը», – ասաց Ապրեսյանը։
Ուսանողների փոխանակումը, երկկողմ ծրագրերի մշակումը կարևոր է համարում նաև Վրաստանի Խոհարարների ֆեդերացիայի փոխնախագահ Մանուել Ֆաունդեզ Բարանդան։
«Մենք կարող ենք համատեղ մասնակցել միջազգային նախագծերին, միջազգային դրամաշնորհների հայտեր ներկայացնել», – ասաց Բարանդան։
Հիշեցնենք, որ Հայաստանում տեղի են ունենում տարբեր թեմատիկ փառատոններ` տոլմայից և ղափամայից մինչև ժինգյալով հաց ու խորոված։