ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները չտեղափոխվեն իր տարածք։ Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասաց այսօր Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Վրաստանի քաղաքացիներ էթնիկ հայերը և ադրբեջանցիները, մեր հանրապետությունում խաղաղ ապրում են», – նշեց Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահը շեշտեց, որ Հարավային Կովկասում շատ մարտահրավերներ կան, որոնք պետք է հաղթահավեն խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։
Նշելով, որ տարածաշրջանում հակամարտությունները խանգարում են երկրների զարգացմանը և առաջընթացին` Զուրաբիշվիլին հայտարարեց, որ դրանց պետք է լուծվեն խաղաղ երկխոսության ճանապարհով։
Նախագահը նաև նշեց` իր շահագրգռվածությունը նրանում է, որպեսզի իրենց երկրում ապրող հայերի ինտեգրումը լիարժեք
«Որպես նախագահ ես պարտավոր եմ այնպես անել, որպեսզի Վրաստանում ապրող էթնիկ հայերն ավելի շատ ներառված լինեն երկրի կյանքի բոլոր ոլորտներում», – ասաց նա։
Նախագահը նաև նշեց, որ Հայաստանը և Վրաստանը մեծ ներուժ ունեն ավելի սերտ գործակցության համար։
«Մեր երկրները բավական մեծ ներուժ ունեն տնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում համագործակցության զարգացման համար», – նշեց Զուրաբիշվիլին։
Նախագահն իր առաջին պաշտոնական երկօրյա այցով Հայաստան է եկել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հրավերով։
Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։Այցի շրջանակում նախատեսված են Զուրաբիշվիլիի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։