ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Վրաստանը կարծում է, որ ժամանակն է երկու երկրներն ավարտեն սահմանազատման հարցը։ Այս մասին այսօր Վրաստանի 5–րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասաց Երևանում հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։
«Կարծում ենք` ժամանակն է, որ մեր երկու երկրներն ավարտեն սահմանազատման գործընթացը։ Պետք է նոր խթան տանք վերադառնալու այն համաձայնագրին, որը կնքվել է, երբ ես դեռ Վրաստանի արտգործնախարարն էի», – ասաց Զուրաբիշվիլին։
Հայ–վրացական սահմանի ազատականացման հարցն արդիական է դարձել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Խորհրդային նախկին պետություններն անկախություն են ստացել, իսկ սահմանների բաժանումը խորհրդային ստանդարտներով խնդրահարույց էր։
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ հայ-վրացական սահմանի սահմանագծումը 2/3–ով ավատված է։ Աշխատանքներին այդ ուղղությամբ,բ շարունակվում են։
Մինչ այդ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի էր ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Հանրապետության նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը:Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։
Նախագահն իր առաջին պաշտոնական երկօրյա այցով Հայաստան է եկել իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հրավերով։
Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։Այցի շրջանակում նախատեսված են Զուրաբիշվիլիի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ։
Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի բազմաթիվ թեկնածուներից միակն էր, որը զանգվածային աջակցություն ստացավ հայ համայնքի կողմից։
Զուրաբիշվիլիի մայրը և աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծանոթ են եղել պատանի հասակում։ Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է, թե ինչպես են նրանք մի օր պարել Փարիզում։