ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ոչ մի միջադեպ տեղ չի ունեցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գյուղապետ Էդգար Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում այսօր տարածված լուրերը, որոնց համաձայն` հունվարի 20-ին գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով ու կրակոցներով։
«Նման բան տեղի չի ունեցել»,– ասաց գյուղապետը` պնդելով, որ իր համագյուղացիներից ոչ ոք վնասվածք չունի ու հիվանդանոց չի տեղափոխվել։
Այդուհանդերձ, գյուղապետը չհերքեց` ոստիկանները մարտի 11-ին այցելել են գյուղ։
«Երեկ եկել են, զրուցել են գյուղի բնակիչների հետ։ Մնացածից տեղյակ չեմ»,– ասաց նա` միաժամանակ նշելով, որ ճանաչում է այն մարդկանց, որոնք մամուլում նշվել են որպես վիճաբանության մասնակիցներ։
Թե ինչ ընթացք է ստացել ոստիկանների իրականացրած քննչական գործողությունը, գյուղապետը տեղյակ չէ։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հարցմանը պատասխան չտվեցին, թեև, ըստ shamshyan.com կայքի` Ոստիկանության Հրազդանի բաժանում դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։
Նույն աղբյուրի համաձայն` հունվարի 20-ին Սոլակ գյուղի ակումբներից մեկում խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է բակում` ավտոմեքենաների կայանման հատվածում։ Վիճաբանությանը մասնակցել են Սոլակի 28-ամյա բնակիչ Սերյոժա Պողոսյանն ու 35-ամյա Հովհաննես Մկրտչյանը։ Վիճաբանությանը միացել են նաև Սոլակի գյուղապետ, 37-ամյա Էդգար Խաչատրյանը, 29-ամյա Տիգրան Մարգարյանը, 40-ամյա Աղասի Հայրապետյանը և 26-ամյա Հովհաննես Գևորգյանը։
Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հակառակորդներին վախեցնելու համար Հովհաննես Մկրտչյանն իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ օդ է կրակել։
Ծեծի ընթացքում Էդգար Խաչատրյանը վնասել է ձախ ձեռքի դաստակը և հունվարի 22-ին բուժօգնության է դիմել Չարենցավանի բժշկական կենտրոն։