ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մարտի 11-ին Երևանի Կենտրոնական ավտոկայանից հանել են քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան) պատկանող գույքը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Կոստանյանը մարտի 7-ից հետո ավտոկայանում չի եղել:
Թերթը նաև հիշեցնում է, որ մարտի 7-ին գրել էր, որ Նորագյուղցի Բոգոն տարիներ շարունակ ապօրինի հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում, այնտեղ հյուրանոց և իր համար առանձնասենյակ էր ստեղծել, նաև ապօրինի կերպով գումար էր հավաքում վարորդներից:
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը պայթեցվել էր Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրենի ավտոմեքենան: Վերջինը փորձում է ավտոկայանում կարգուկանոն հաստատել: