ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Սրբուկը հավատում է իր ուժերին ու հաջողությանը։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ երեկ ներկայացվել է Walking Out երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։
«Տեսահոլովակի վերաբերյալ արձագանքը դրական է։ Արձագանքներ եղան ինչպես հայտնի մարդկանցից, այնպես էլ հասարակ մարդկանցից։ Սակայն հիմնականում հիացական մեկնաբանություններ էին թողնում` ընդգծելով, որ երգն ու տեսահոլովակը համահունչ են էներգիայիս ու երգելու ոճիս», – նշեց նա։
Ուկրաինական «Ձայնը» նախագծում երգչուհու մարզիչ Պոտապն առայժմ չի զանգել և իր գնահատականը չի տվել, բայց Սրբուկը համոզված է, որ նա դեռ տեսահոլովակը չի տեսել, և անպայման կապ կհաստատի իր հետ դիտելուց հետո։
Երգչուհին պատմեց, որ իրենք շարունակում են կապ պահպանել նաև շոուից հետո և ջերմ հարաբերություններ ունեն։ Իմանալով, թե «Եվրատեսիլին» մասնակցելը որքան կարևոր է Սրբուկի համար, Պոտապը չի կարող անհաղորդ մնալ։
Տեսահոլովակի դիտումների և թողած մեկնաբանությունների քանակից դատելով` համացանցի օգտատերերը նույնպես հավանել են այն։
Սրբուկը խոստովանեց, որ երգն իրեն շատ է դուր գալիս, քանի որ այն իսկապես բավական համահունչ է նրա հոգեվիճակին։ Ստեղծագործությունն ընտրվել է ավելի քան հարյուր տարբերակից, փորձել են գտնել ամենաօպտիմալն ու շահեկանը։
Երգչուհին նոր ուժերով և կրկնակի էներգիայով է սկսել աշխատել շոուի վրա, որը հանդիսատեսը կտեսնեի «Եվրատեսիլի» բեմում։ Երգչուհին գաղտնիքներ չբացահայտեց, բայց վստահեցրեց, որ հանդիսատեսը չի հիասթափվի։
«Վճռական եմ տրամադրված և ելույթ կունենամ առավելագույնս լավ։ Հավատում եմ և հաջողության ու հաղթանակի հույս ունեմ», – ասաց Սրբուկը։
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա մայիսի 14-ից մինչև 18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: Մրցույթին կմասնակցեն 41 երկրի ներկայացուցիչ։ Սրբուկը ելույթ կունենա մայիսի 16-ին երկրորդ կիսաեզրափակիչի առաջին կեսում։