ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արարատի մարզում մահվան ելքով վրաերթ է գրանցվել: Մարտի 7-ին անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 97 տան դիմաց վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Մաթևոսյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը փախել է դեպքի վայրից, իսկ հետիոտնը տեղում մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վրաերթը կատարվել է ВАЗ 21 07 մակնիշի 35 GՍ 165 համարանիշի ավտոմեքենայով:
Մինչ ոստիկաններն ու քննիչները կմեկնեին նշված ավտոմեքենայի հետևից, ոստիկանություն է ներկայացել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Վրեժ Վարդանյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, իսկ դեպքի վայրից հեռացել է, քանի որ վախեցել է, որ վրաերթի ենթարկվածի հարազատները հնարավոր է՝ վրեժխնդիր լինեն իր նկատմամբ:
Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ Վ. Վարդանյանի փոխարեն մեկ ուրիշն է եղել վարորդը: