ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գործադուլ անող աշխատակիցներին և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին հաջողվել է փոխհամաձայնության գալ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Մանուշակագույն ավտոբուսներն այսօր երթուղի դուրս չեն եկել, շուրջ 250 վարորդ հավաքվել են Չարբախի և Ջրվեժի ավտոպարկերում։ Առավոտից կանգառներում մարդկանց հոծ զանգված էր հավաքվել, երևանցիները չէին կարողանում տեղ հասնել։ Վարորդների դժգոհության պատճառը քաղաքապետարանի որոշումն էր, որը WYG խորհրդատվական ընկերության առաջարկով, մտադիր է ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրել` ֆինանսական հոսքերի վերահսկման և այդ հոսքերի ծավալի ուսումնասիրման նպատակով։
«Հաջողվեց համաձայնության գալ։ Մեր տնօրեն Էլբակ Թարփոշյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչներն ամեն ինչ քննարկել են։ Արդյունքում որոշվել է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ներկայացուցիչ Սարգիս Ղազարյանը։
Նրա խոսքով` եթե իրենց պահանջները չկատարվեն, վարորդները կվերսկսեն ակցիաները։ Վարորդները համոզված են, որ տեսախցիկների տեղադրումն ավելորդ լարվածություն է վարորդների համար և որևէ պրակտիկ օգուտ չի տա։ Հիմա վարորդները վերադառնում են աշխատանքի և տրանսպորտային երթևեկությունը քաղաքում աստիճանաբար կարգավորվում է։
Վարորդների հետ հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտային վարչության պետ Հենրիխ Նավասարդյանն ու առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
WYG միջազգային խորհրդատվական ընկերությունը դեռևս 2017 թվականի օգոստոսին ուսումնասիրել էր 2014 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված տրանսպորտային ցանցը և դրական եզրակացություն էր տվել։ Այդ ծառայության արժեքը 850 հազար դոլար է, որից 600–ն արդեն վճարվել է։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2018 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են նոր ուսումնասիրություն անցկացնել։
WYG International Limited ընկերության նախնական նախագիծը ներկայացվել էր 2017 թվականի սեպտեմբերին։ Նոր ցանցը տրանսպորտային միջոցների քանակի կրկնակի կրճատում էր նախատեսում։ Դրա ներդրումը, նախնական հաշվարկներով, շուրջ 100 մլն դոլար է պահանջում։ Բացի այդ, նախատեսվում էր անփոփոխ թողնել գործող ուղեվարձը (այն այժմ 100 դրամ է)։

Նյութի հրապարակման պահին նկատեցինք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չեն հրաժարվում ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։
«Կայքերից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր քաղաքապետարանը հրաժարվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից։Հայտնում եմ, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ծառայության որակը բարելավելու՝ ուղևորների անվտանգության, ուղևորահոսքերի կառավարման նպատակով քաղաքապետարանին պատկանող ընկերության ավտոբուսներից երկուսում տեղադրվել են տեսախցիկներ»,–գրել է նա։
Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ ըստ արդյունքների, այդ պրակտիկան կկիրառվի նաեւ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մնացած շարժակազմերում։