ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հայաստանի հռետորաբանությունն Արցախի հարցով չի կոշտացել, պարզապես համապատասխանեցվել է հակառակորդի հայտարարություններին։ Այսօր «Եռաբլուրում» Վազգեն Սարգսյանի շիրմին այցելությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Եթե հակառակորդն անընդհատ դնում է մեզ մի վիճակի մեջ, անընդհատ ասում է` հարձակվելու ենք, պատերազմելու ենք, ազատելու ենք մեր հողերը, ՊՆ–ն ի՞նչ պիտի անի։ Բարձրացնի իր բնակչության բարոյահոգեբանական վիճակը»,– ասաց Տոնոյանը` մեկնաբանելով նախկինում արած իր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է վերանայի իր կեցվածքն Արցախի հակամարտության հարցում։
Անդրադառնալով Արցախում պատերազմի վերսկսման վտանգին` Դավիթ Տոնոյանը չհերքեց այն` ասելով. «Պատերազմի վտանգը միշտ կա, քանի դեռ արցախյան հարցը վերջնականապես լուծված չէ»։
Լրագրողները պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին նաև օգտագործվել են արդյո՞ք ՀՀ զինված ուժերը 2008թ.–ի մարտի մեկյան իրադարձություների ժամանակ։ «Զինված ուժերը ներկա են եղել Երևան քաղաքում»,– ասաց նախարարը։ Իսկ նրանց գործողությունների օրինաչափ լինելու հարցը հորդորեց թողնել դատարանի գնահատմանը։