ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Եկատերինբուրգում սկսվել է հունվարի վերջին այրվող տնից երեք երեխա փրկած Գևորգ Ավետիսյանի դատավարությունը։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ բարեկամի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մարզային դատախազի ներկայացուցիչ Մարինա Կանատովային։
Այն տունը, որտեղ Ավետիսյանը բնակվում էր կնոջ և հինգ երեխաների հետ, քաղաքապետարանի սեփականությունն էր, և քաղաքապետարանը դատարանի միջոցով ընտանիքին վտարել էր բնակարանից։
Նա հայտնել է, որ Ավետիսյանների ընտանիքը մի քանի տարի շարունակ բնակարանում ապրել է գործով տուժածի հետ։ Տուժածի պատմելով` նա նստած է եղել իր ավտոմեքենայի հետևի նստարանին, երբ տեսել է, որ Ավետիսյանը մոտենում է և ծակում անվադողը։ Նա դուրս է եկել մեքենայից, և վիճաբանություն է տեղի ունեցել։ Իբրև թե կոնֆլիկտի ընթացքում Ավետիսյանը վերցրել է աղյուսն ու ծանոթի հետ միասին բարեկամին հարվածներ է հասցրել` կոտրելով նրա կողոսկրը և վնասելով թոքը։
«Ավետիսյանին և ևս մեկ տղամարդու մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածով», – ավելացրել է Կանատովան։
Իսկ Ավետիսյանը պատմել է, որ իր ընտանիքը տուժածի մերձավորների հետ ավելի քան 7 տարի միասին են ապրել, և հաճախ վիճել են կենցաղային հողի վրա։ Սակայն կոնֆլիկտի օրը` անցած տարվա սեպտեմբերի 8-ին, նա տուժածի ավտոմեքենայի անվադողերը չի ծակել։ Նրա վարկածի համաձայն` հենց տուժածն է առաջինը հարձակվել իր վրա գազի փոքր բալոնով։
«Ես պաշտպանվում էի, նրան հարվածներ էի հասցնում։ Աղյուսը բարձրացրեցի, որպեսզի վախեցնեմ նրան։ Հույս ունեմ, որ կապացուցեմ, որ անմեղ եմ, քանի որ նա է առաջինն ինձ վրա հարձակվել, երբ ես հանգիստ տուն էի գնում», – ասել է Ավետիսյանը։
Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանում գործակալությանը հայտնել են, որ գործի առաջին քննությունը տեղի է ունեցել փետրվարի 26-ին, հաջորդ նիստը նշանակվել է մարտի 27-ին։
Հունվարի վերջին Ավետիսյանը Եկատերինբուրգի Ցիգանսկի ավանում այրվող տնից երեխաների էր փրկել։ Քաղաքային իշխանությունները նրան պարգևատրել էին պատվոգրով և կրակմարիչ շնորհել։ Սակայն մեկ ամիս անց նրան հինգ երեխաների և կնոջ հետ վտարել էին տնից։ Դատարանի տվյալներով`Ավետիսյանները փաստաթղթեր չեն ձևակերպել իրենց բնակեցման և բնակարանի կարիք ունեցող ճանաչելու համար, այդ պատճառով իշխանությունների հայցը բավարարվել էր։ Գերագույն ատյանի դատարանը նույնպես հաստատել է վճիռը։ Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսանդր Վիսոկինսկին խոստացել է պարզել ՀՀ քաղաքացու ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը և օգնել նրանց «օրենքի շրջանակում»։