ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հայհոյած երեք ադրբեջանցիներից մեկի դեմ։ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը համապատասխան գրավոր ծանուցում է ստացել անցած շաբաթ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 2–ին, բայց լայն արձագանք է ստացել այս տարվա փետրվարի կեսին Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից հետո։ Երեք ադրբեջանցիներ հայհոյել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում պատարագի ժամանակ։ Նրանցից մեկն էլ դրոշ է այրել։
Վիրահայոց թեմը միջադեպի մասին իմացել է նույն օրը և իսկույն դիմել պետական մարմիններին։ Վրաստանի ներքին գործերի նախարարությանն են փոխանցել եկեղեցու բակում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները։
«Մենք դիմել ենք թե՛ ՆԳՆ, թե՛ ԱԳՆ։ Ի պատասխան մեր դիմումի նամակ է եկել, որում ասվում է` կասկածյալներից մեկի դեմ հարուցվել է քրեական գործ։ Այդ մարդը հետախուզման մեջ է», – ասաց Խաչատրյանը։
Նա ներկայացրեց նաև գործի նոր մանրամասները։ Ավելի վաղ ենթադրվել էր, որ դրոշն այրվել է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Սակայն ադրբեջանցիները շփոթել են դրոշները և այրել կոլումբիական եռագույնը, ընդ որում` ոչ եկեղեցու բակում։ Ուղղակի այնուհետև այդ դրվագը մտցվել է տեսանյութի մեջ։
Միջադեպից հետո եկեղեցում արգելվել է լուսանկարահանումն ու տեսանկարահանումը։ Այժմ նկարահանելու համար համապատասխան թույլտվություն է պետք։
Սոցիալական ցանցերում տարածված տվյալների, ինչպես նաև Sputnik Արմենիայի տեղեկությունների համաձայն` միջադեպի երեք մասնակիցներից մեկը Իսմայիլ Զալովն է (որի դեմ հարուցվել է քրեական գործ)։ Համացանցում տեղեկություններ կան, որ նա իբր անհատ ձեռներեց է, ապրում է Կալինինգրադում։
Sputnik Արմենիայի տվյալներով` նա Բաքվից ֆինանսավորվող ադրբեջանա–իսրայելական իրավաբանական կենտրոնի ղեկավարն է։
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին վերանորոգվել է 2013-15 թվականներին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի նախաձեռնությամբ, հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու և այլոց աջակցությամբ։
Եկեղեցին կառուցվել է 1251թ-ին իշխան Ումեկի միջոցներով, որը ծագումով Մանազկերտից էր: Նա մեծահարուստ վաճառական էր Կարին (այժմ՝ Էրզրում) քաղաքում։ Երբ 1242թ-ին Կարինը ենթարկվեց մոնղոլների արշավանքին, նա ընտանիքի հետ Տփխիս (այժմ Թբիլիսի) տեղափոխվեց: