ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Վիզային ռեժիմի ազատականացման քննարկումը սկսելու հարցի հիմնական բնութագրիչները չեն փոխվել։ Այսօր այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով` հարցը, մասնավորապես, երկու կողմ ունի՝ քաղաքական և գործնական։
Հայկական կողմը տեղեկացված է ԵՄ որոշ անդամների` միգրացիայի խնդրի հետ կապված անհանգստության մասին։
«Դրա համար էլ ինչ-որ ժամկետ նշել չեմ կարող։ ԵՄ-ն դրական է տրամադրված երկխոսություն սկսելու հարցում։ Բայց մենք ղեկավարվում ենք քաղաքական որոշմամբ, որի համաձայն՝ այն հնարավոր է լավ կառավարվող հոսքերի երաշխիքի պայմանով»,- նշեց Սվիտալսկին։
Նրա խոսքով` շփումներն օգտակար են այդ որոշմանը հասնելու համար։