ԵՐԵՎԱՆ, 22 փետրվար — Sputnik. Ավղերանում ձյան զանգվածի տակ մնացած 5 լեռնագնացներից մեկը մահացել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը։
Դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել էր ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը: Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել հետիոտն:
Արդեն ժամը 15:40-ին տեղեկություն ստացվեց, որ ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմը ֆիքսել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը: