ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Քուվեյթում գրանցվել է ամենակարճ ամուսնությունը։ Նորապսակները բաժանվել են ամուսնությունը գրանցելուց երեք րոպե անց։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։
Նշենք, որ հայտնի մարդկանց շրջանում էլ են կարճ ամուսնություններ եղել։ Ժամանակին շատերին ցնցել էր Քիմ Քարդաշյանի ու Քրիս Համֆրիսի ամուսնությունը, քանի որ ընդամենը 72 օր էր տևել։ Իսկ Բրիթնի Սփիրսի ու նրա մանկության ընկերոջ ամուսնության մասին նախընտրում են չհիշել. զույգն ամուսնացել էր Լաս Վեգասում ու ամուսնալուծվել է 55 ժամ անց։
Այդուհանդերձ, Գինեսի ռեկորդների գրքում ամենայն հավանականությամբ կգրանցվի հենց քուվեյթցի զույգի ամուսնությունը։ Նորապսակները նույնիսկ չեն հասցրել լքել դատարանի շենքը, որտեղ կնքել են ամուսնական պայմանագիրը։ Նրանք պատրաստվել են դուրս գալ սրահից, երբ հարսնացուն սայթաքել է։ Փեսան իր ընտրյալին օգնելու փոխարեն նախընտրել է նրան «հիմար» անվանել։ Իհարկե, հարսնացուին դա դուր չի եկել, ու նա միանգամից հասկացել է, որ այդպիսի ամուսինն իրեն պետք չէ։
Վեճից հետո երիտասարդները միանգամից վերադարձել են դատավորի մոտ, ու հարսնացուն պահանջել է անհապաղ չեղարկել ամուսնությունը։ Նրա խնդրանքը կատարվել է։
Համացանցում աջակցել են աղջկան, քանի որ ոչ ոք չէր ուզենա ծաղրի առարկա դառնալ հարսանիքի օրը։
Իսկ տղամարդիկ ուրախացել են` համարելով, որ նրանց հարսանիքն ավարտվել է ամենահաջող տարբերակով, քանի որ «կինը կարող էր ստիպել ամուսնուն տառապել ամբողջ կյանքի ընթացքում, եթե նրա հետ ամուսնացած մնար»։
Վստահաբար կարելի է ասել, որ սա Քուվեյթի պատմության մեջ ամենակարճ ամուսնությունն է։ Չի բացառվում նաև` ամբողջ աշխարհի։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մի զույգ էլ Դուբայում է բաժանվել ամուսնանալուց 15 րոպե անց (հարսնացուի հայրն ու փեսան վիճել էին ֆինանսական հարցերի շուրջ ու կռվել)։