ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մի քաղաքացի իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նկատել են այդ տղամարդուն, մոտեցել և հոգեբանական բանակցություններ վարելու արդյունքում կարողացել են համոզել, որ տղամարդն այդ ծայրահեղ քայլին չդիմի։
Այնուհետև ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին։ Տղամարդու մոտ հայտնաբերվել է դյուրավառ նյութ, որով նա փորձել է կառավարության շենք մտնելուց հետո հրկիզել իրեն։
Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Հարություն Պ.-ն է, որն ինչ-որ խնդիրներ է ունեցել և իր աղջկա հետ այցելել է կառավարության շենք։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։